Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Շնչառական համակարգ

Պլևրիտ. armeniamedicalcenter.am

Պլևրիտ. armeniamedicalcenter.am

Պլևրիտը թոքերի պլևրալ թաղանթների բորբոքումն է, որն առաջանում է պարիետալ և վիսցերալ թաղանթների հյուսվածքում և հաճախ բարդանում հեղուկի կուտակմամբ:

Պլևրիտն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ:

Տարբերում են չոր և էքսուդատիվ, ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն պլևրիտներ:

Չոր պլևրիտի հիմնական ախտանշաններն են.

  • Ծակող ցավ կրծքավանդակում, որն ուժեղանում է հազի նոպայի ժամանակ
  • Մակերեսային շնչառություն
  • Պլևրայի շփման աղմուկ
  • Սուբֆեբրիլ ջերմություն


Այս կլինիկան բնորոշ է չոր պլևրիտին: Հիվանդը ցավը նշում է կողերի տակ, որովայնում և որովայնային մկաններում: Կարող են արտահայտվել նաև սարսուռ, թուլություն, մեթիորիզմ, զկրտոց, գիշերային քրտինք:

Թարախային կամ էքսուդատիվ պլևրիտի ժամանակ սկզբում բութ ցավ է դիտվում, որն սկսվում է ամեն անգամ չոր հազից հետո:

Ախտահարված շրջանում սկսում է կուտակվել էքսուդատ, որի հետևանքով լինում են ծանրության զգացում կրծքավանդակի կողքերում, ուժեղ հևոց, գունատություն, միջկողային տարածությունների հարթեցում:

Այդ ամենին միանում են նաև.
 

  • Թուլություն
  • Բարձր ջերմություն
  • Քրտնարտադրություն
  • Ախորժակի բացակայություն


Երբեմն լինում է նաև այտուց, հատկապես դեմքի շրջանում, ձայնի կորուստ: Եթե էքսուդատն ինֆեկցվում է, այնտեղ թարախի կուտակում է սկսվում:

Պլևրիտի ծանր դեպքերում /քաղցկեղ և այլն/ կարող է դիտվել արյունային խորխ:

Եթե հիվանդության պատճառ է հանդիսացել կարմիր գայլախտը, ախտանշաններ կարող են լինել նաև հոդերի և երիկամների կողմից:

Պատճառները


Պլևրիտը հիմնականում ներքին օրգանների առաջնային հիվանդությունների բարդություն է:

Պատճառներ կարող են լինել.

  • Տուբերկուլյոզը
  • Կանդիդոզը
  • Սիֆիլիսը
  • Պնևմոկոկային և ստաֆիլոկոկային ինֆեկցիաները
  • Որովայնային տիֆը
  • Կրծքավանդակի վնասվածքները (տրավմաները)


Ոչ ինֆեկցիոն պլևրիտի պատճառներն են.

  • Թոքերի ինֆարկտը
  • Միոկարդի ինֆարկտը
  • Չարորակ նորագոյացությունները, մետաստազները
  • Ռևմատոիդ արթրիտը
  • Ռևմատիզմը
  • Լեյկոզը
  • Պանկրեատիտը


Հնարավոր բարդությունները


Պլևրիտը պահանջում է անհապաղ և երկարատև բուժում: Եթե այն անուշադրության է մատնվում, բացառված չեն պլևրայում կպումների առաջացումը, պլևրալ թերթիկների հաստացումը, շնչառական անբավարարությունը:

Ախտորոշումը


Ախտորոշումն սկսվում է բժշկական զննումից. անգամ անզեն աչքով արդեն տեսանելի է լինում կրծքավանդակի անհամաչափությունը՝ ասիմետրիան, և ախտահարված կողմը շնչառությանը չի մասնակցում: Շնչառությունը թույլ է, գրեթե չի լսվում:

Անհրաժեշտ է իրականացնել նաև հետևյալ հետազոտությունները.


Կրծքավանդակի ռենտգեն, պլևրալ խոռոչի ՈՒՁՀ, կուտակված հեղուկի պունկցիա, բակտերիոլոգիական և ցիտոլոգիական հետազոտություն, արյան ընդհանուր հետազոտություն, բիոպսիա:

Բուժումը


Բուժման համար նախ պետք է ազդել այն առաջացնող պատճառի վրա և թեթևացնել հիվանդության ծանր ախտանշանները:
Պնևմոնիայի դեպքում նշանակվում են հակաբիոտիկներ, ռևմատիզմի դեպքում՝ ոչ ստերոիդ հակաբորբոքիչներ:


Ախտանշանները վերացնելու համար նշանակվում են.


  • Անալգետիկներ
  • Սիրտ-անոթային պատրաստուկներ (պրեպարատներ)
  • Բուժական մարմնամարզություն
  • Միզամուղներ
  • Ֆիզիոթերապիա /հեղուկի հեռացումից հետո/


Եթե արդեն կա կուտակված հեղուկ, այն հեռացվում է պունկցիայի օգնությամբ և դրենավորմամբ: Եթե ախտորոշման ժամանակ թարախ է հայտնաբերվում, ապա պլևրալ խոռոչը լրացուցիչ լվացվում է անտիսեպտիկներով (հականեխիչ):

Ծանր դեպքերում հնարավոր չի լինում խուսափել վիրահատական միջամտությունից:

Կանխարգելման համար անհրաժեշտ է.

  • Հրաժարվել ծանր և վտանգավոր աշխատանքից
  • Խուսափել մրսելուց, մրսածական հիվանդություններից
  • Օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ
  • Հրաժարվել ծխելուց


 
Առողջ ապրելակերպը, օրգանիզմի կոփումը նպաստում են խուսափելու պլևրիտի արտահայտումից:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ